Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Քանի դեռ պտտվում է երկրագունդը

Քանի դեռ պտտվում է երկրագունդը
21.10.2016 | 00:04

Մի անգամ էլ պիտի շարժեմ ոչ միայն երկիրը, այլև երկինքը (Եբր. 12.26):
«Ինչպես Նոյի օրերում, երբ մարդիկ ուտում-խմում, կին էին առնում և մարդու էին գնում, և ջրհեղեղը կործանեց նրանց, ու ոչ ոք չփրկվեց, այնպես էլ կլինի Մարդու Որդու գալստյան օրերին» (Մատթ. 24.38-39):
«Երբ կասեն. «Ահա խաղաղություն է և ապահովություն»,- կգա կհասնի նրանց կործանումը, և պատուհասը շատ մեծ կլինի (Ա. Թես. 5.3):
«Սատանան շատ նշաններ կանի, մինչև անգամ ընտրյալներին մոլորեցնելու չափ, եթե հնար լինի» (Մատթ. 24.24):


Թվում է, թե «վերջին օրերին» շատ արտասովոր բաներ պիտի տեղի ունենան, անսովոր մարդկային աչքի համար, բայց ըստ էության, այդպես չի լինի, թերևս միայն ճշմարիտ հավատացյալի համար ամեն ինչ արտասովոր կլինի ու հրեշավոր, իսկ մյուսների համար՝ օրինաչափ ու անխուսափելի, անգամ պարտադիր ու անհրաժեշտ, քանզի Սուրբ գիրքն ասում է, թե «վերջին օրերին» կամ «ժամանակների վախճանին» աշխարհը թաղված կլինի անհավատության խավարի և անօրինության տիղմի մեջ, բայց սարսափելին այն է, որ մարդիկ այդ վիճակը կորակեն որպես խաղաղություն և ապահովություն: Իրենց մահաբեր թմբիրի մեջ իրենք իրենց կզգան խաղաղ հոգևոր պատերազմներից և ապահով աստվածային միջամտություններից, և այլևս չեն սպասի Նրան՝ ոչ հույսով ու հավատով, ոչ էլ անգամ դատաստանի ակնկալիքով: «Երբ մարդու Որդին գա, արդյոք երկրի վրա հավատ կգտնի՞» (Ղուկաս 18.8):


Սատանան պատրանք կստեղծի, թե իբր կարող է անել այն ամենը, ինչ Աստված, սակայն սա միայն առերևույթ ա՛յն մարդկանց աչքին, ովքեր Աստծուն ճանաչում են զուտ իբրև հրաշագործի: Իրականում ոչ ոք չի կարող անել այն, ինչ կարող է միայն Աստված: Սատանան կարող է սարքել ինչ-որ բան՝ հակառակ Աստծո, իսկ Աստված կարող է ստեղծել ոչնչից՝ սիրուց դրդված:
Մարդիկ կվախենան, որովհետև չեն հավատում հավիտենությանը և Աստծո ամենազորությանը, և ընդհանրապես՝ Ճշմարտությանը, և այդ անհավատությունից ծնված վախն էլ նրանց կորստյան պատճառ կդառնա:


Այն, ինչ կլինի աշխարհի վերջում, բնական հետևանքն է այն պատճառի, որ կոչվում է մեղք: Մեղքը ոչ միայն տկարացրեց անհատին, վարակեց հասարակությանը, այլև ախտահարեց ողջ գոյավորը՝ դառնալով Տիեզերքի կործանման պատճառ: Ներկայիս Տիեզերքը կկործանվի, որ հաստատվի նորը, «անհաստատ բաները կփոփոխվեն, որ հաստատուն բաները մնան անփոփոխ» (Եբր. 12.27): Արդյոք պատահակա՞ն է «վերջին օրերի» և մարդկության արշալույսի՝ «Նոյի օրերի» միջև համեմատությունը: Դիտարկենք դրանց միջև առկա նմանություններն ու տարբերությունները: Նախ` անդրադառնանք վերջիններիս: Նոյը և իր ժամանակակիցներն ապրում էին մարդկության արշալույսին, երբ Երկիրը չուներ մոտ յոթ միլիարդ բնակչություն, չկային էկոլոգիական աղետներ, թերևս բնական աղետներ ևս, ինչը երևում է Նոյի զգուշացումների հանդեպ մարդկանց թերահավատ ու ծաղրող վերաբերմունքից: Իսկ հիմա նմանությունների մասին. Նոյի օրերում էլ մարդիկ, թեև սակավաթիվ, բայց մեղավոր էին: Թեև նրանք քիչ էին, բայց միայն Նոյը և նրա ընտանիքը փրկվեցին, բոլորը չփրկվեցին, կամ բոլորը չկործանվեցին: Թերևս Նոյի օրերում էլ, ինչպես այսօր, «կին էին առնում» թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք, և «մարդու էին գնում» թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ: Նոյի օրերում էլ նյութապաշտությունը և իրատեսությունը նույն կերպ էին ընկալվում: Մի խոսքով, նմանություններն անհամեմատ ավելի շատ են, քան տարբերությունները: Ինչու Աստված կործանեց մարդկությանը մեկ անգամ` ջրհեղեղով, և ինչու պիտի կործանի ևս մեկ անգամ` կրակով:


Չարը, որպես կանոն, գլխիվայր է շուռ տալիս իրականությունը և այդպես ներկայացնում մարդկանց: Եվ մի այդպիսի շրջված «ճշմարտություն է» այն, թե իբր Աստված անողորմաբար կործանում է իր ստեղծած մարդուն՝ Իր պատկերը և նմանությունը կրողին: Իրականում Աստված երբևէ չի կործանել մարդուն, այլ միայն նրան արդեն հեռավոր կերպով անգամ չհիշեցնող գազանին` մաքրելով արարչությունը համատիեզերական աղբից: Որևէ բան կեղտից մաքրում են ջրով, այնինչ աղբը այրում են կրակով` վարակի վտանգը կանխելու անհրաժեշտությամբ: Այնպես էլ Աստված աշխարհը մեկ անգամ մաքրեց ջրով` խավարի մեջ խարխափող մարդկությանը ապաշխարելու հնարավորություն տալով, մինչև կգար ԼՈՒՅՍԸ: Հիսուսից հետո խարխափում են միայն կույրերը և նրանք, ովքեր խուսափում են լույսից կամ փակում են իրենց աչքերը: Հիսուս կարող է բժշկել անգամ ի ծնե կույրին, իսկ լույսից խուսափողներին ոչնչով օգնել չի կարող: Նրանք իրենց կուրության մեջ նման են Սոդոմի բնակիչներին, որ մարմնավոր աչքերով կուրանալուց հետո անգամ չեն դադարում մեղսագործելուց, որովհետև նրանց հոգին կուրացել էր շատ ավելի վաղ: Սոդոմը և հարևան չորս ուրիշ քաղաքներ կործանվեցին կրակով, օրինակ դառնալով ապագայի ամբարիշտների համար (Բ Պետրոս 2.6):


Աստված նախ Նոյի հետևից փակեց տապանի դուռը, ապա ջրհեղեղ արեց, նախ արդար Ղովտին հանեց Սոդոմից, ապա հուր և ծծումբ տեղաց ամբարիշտների վրա, նախ իր ժողովրդին հանեց Եգիպտոսից, ապա կործանեց փարավոնին` իր ռազմակառքերով: Եվ երբ Աստված Իր մոտ կտանի նրանց, ովքեր պտտում են երկրագունդը և երկարացնում են ապաշխարության ժամանակը, երկրագունդը կանգ կառնի իր ընթացքից, և Աստծո հրեշտակը ահեղ ձայնով կհռչակի, որ այլևս չկա ժամանակ:


Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Երեցկին
Գորիս

Դիտվել է՝ 1764

Մեկնաբանություններ